Յոհաննես Լեփսիուսի արխիվը
Լեփսիուսհաուզ Պոտսդամում պահվում է Յոհաննես Լեփսիուսի արխիվը, որը բաղկացած է 1858-1926 թվականների՝ ավելի քան 17.000 փաստաթղթերից, որոնք հավաքել, բացահայտել ու արխիվի են վերածել 1990-ական թվականների երկրորդ կեսին պրոֆ. Հերման Գոլցը և դր Աքսել Մայսները։ Մի քանի տարի տևած այս նորարար աշխատանքն ամբողջացվել է «Գերմանիան, Հայաստանը և Թուրքիան 1895 – 1925 թթ․» եռահատորյակի հրատարակմամբ։ I հատորը (1998) որոնման գրքամատյան է, որում ցուցակագրվել է արխիվն ըստ առաքողի/հասցեատիրոջ, վայրի և ամսաթվի։
III հատորը (2004) բառարան է, որը գնահատում ու թեմատիկ դասակարգում է կոտորածների և Հայոց ցեղասպանության, նաև՝ Հայօգնության գործի ու Գերմանական արևելյան առաքելությանն առնչվող արխիվային նյութն ըստ անհատների, հաստատությունների, իրադարձությունների և վայրերի։ 2011 թ․ Լեփսիուսհաուզ Պոտսդամի բացմամբ արխիվը Հալլեի աստվածաբանական ֆակուլտետից փոխանցվեց մեր հաստատությանը, որտեղ այն այժմ հասանելի է հետագա հետազոտությունների համար տպագիր կրկնօրինակների տեսքով և թվայնացված տարբերակով: Բնօրինակները, որպես ավանդ, պահվում են Բեռլին-Լիխտերֆելդեի Դաշնային արխիվում:
Արխիվն, ի թիվս այլոց, տրամադրում է Լեփսիուսի ու նրա առաքելության, Արտաքին գործերի նախարարության, հայ անհատների և ուրիշների նամակագրությունը: Բացի այդ, այստեղ է գտնվում Լեփսիուսի կողմից լույս ընծայված թերթերի ու հոդվածների ամբողջական հավաքածուն։ Կարևոր աղբյուր են նաև առաքելությունների կայանների, աշխատակիցների զեկույցները, նվիրատուներին ուղղված հաշվետվությունները, իրենց բարերարներին ուղղված հայ սաների անձնական նամակներն ու տեղահանությունների, ջարդերի և ցեղասպանության մասին ականատեսների վկայությունները:
Եթե ցանկանում եք այցելել արխիվ, ապա կարող եք պայմանավորվածություն ձեռք բերել մեր աշխատակից Միխայել Քյուհնի հետ։ Եթե առանձին աղբյուրներ են անհրաժեշտ, ապա կարող ենք դրանք տրամադրել նաև թվայնացված տարբերակով՝ համապատասխան համարների առկայության դեպքում։