Հետազոտություն

Լեփսիուսհաուզ Պոտսդամի հետազոտությունն առնչվում է հատկապես 1915-1916 թթ․Հայոց ցեղասպանությանը եւ դրա բազմազան համատեքստերին:

Այդ թվում տասնիններորդ և քսաներորդ դարերի ազգայնացման գործընթացների բռնության  ներուժն առանձնահատուկ ասպեկտ է, որը կարող է օգտագործվել նաև կապ հաստատելու համար այն թեմաների հետ, որոնք այսօր ևս արդիական են, ինչպես, օրինակ, Միջին Արևելքի տարբեր տարածքներում և դրանց  (հիմնականում՝ քրիստոնյա) փոքրամասնությունների շրջանում, որտեղ Գերմանիան ջանքեր է գործադրում խաղաղության, կայունության և  հաշտեցման համար։

Հայերի հետ տեղի ունեցածի ուսումնասիրությունը պետք է մեկնարկային կետ ծառայի ցեղասպանագիտական ուսումնասիրությունների և փոքրամասնությունների հիմնախնդիրների ոլորտում համեմատական ​​վերլուծությունների համար, որոնք  կարող են մշակվել Լեփսիուսհաուզ Պոտսդամում և նրա հետ իրականացվող տրանսդիսցիպլինար նախագծերի ու միջոցառումների հիման վրա։ Այս թեմատիկ բնագավառների վերաբերյալ թիրախային հետազոտություն Գերմանիայի որևէ այլ վայրում մինչ այժմ չի իրականացվել: Լեփսիուսհաուզ Պոտսդամը ցանկանում է իր առաջարկներով հարստացնել Գերմանիայում ցեղասպանագիտական ուսումնասիրությունների բնագավառը, որը բաղկացած է պատմությունից, սոցիոլոգիայից, փիլիսոփայությունից, մարդաբանությունից և իրավագիտությունից։

Բացի այդ, հայկական օրինակը ինքնության քաղաքականության, ժխտման՝ որպես ցեղասպանության շարունակության ծավալի և, հակառակը, անցյալի վերաիմաստավորման, նաև հաշտեցման գործընթացի համար քաղաքական ու սոցիալական ճանաչման նշանակության համեմատական լուսաբանման հնարավորություն է տալիս։

Առանձնահատուկ դեր է խաղում Յոհաննես Լեփսիուսի կյանքի, գործունեության և ազդեցության ուսումնասիրությունը։ Նա Հայոց ցեղասպանության միջազգային ամենանշանավոր վկան էր, պատմաբանը և վավերագրողը, նաև՝ նախաձեռնողն ու ղեկավարն Արևելքում գործող մասնավոր նվիրատվությունների միջոցով ֆինանսավորվող հայերի օգնության մի մեծ գործի։ Լեփսիուսի անձի հետ են կապված նաև քաղաքացիական արիության, ինչպես նաև՝ միջազգային քաղաքական էթիկայի և իրավական համակարգի վերաբերյալ հարցերը: .

Ելնելով դրանից՝ Լեփսիուսհաուզի աշխատանքը մինչ օրս վերաբերվում է ավելի ընդարձակ այնպիսի առարկայական բնագավառների, ինչպիսիք են՝ ազգայնականության, էթնիկության և բռնության քաղաքականության կապը, հայերի՝ Անդրկովկասում «հեռավոր Եվրոպայի» պատմության ու մշակույթի, միջմշակութային և միջկրոնական երկխոսության, նաև՝ մարդու իրավունքների, միջազգային իրավունքի ու հիշողության քաղաքականության խնդիրների հետ։

Այս առանցքային կետերը պարբերաբար քննարկվում են գիտաժողովներում և աշխատաժողովներում։ Յոհաննես Լեփսիուսի արխիվը և գրադարանն առաջարկում են ժամանակակից մամուլի նյութով համալրված հարուստ նյութ՝ հետազոտությունը հնարավոր դարձնելու համար: